Երևանի տրանսպորտային համակարգի մեկնարկ

20 հունվ, 2026
Երևանի տրանսպորտային համակարգի մեկնարկ

Ինչու՞ ընտրվեց հենց Telcell-ը

Շատերի մոտ ծագում է տրամաբանական հարց՝ ինչպես Telcell-ը դարձավ այս մասշտաբային նախագծի մասնակից կազմակերպությունը։ Բանն այն է, որ 2021 թվականին քաղաքապետարանը հայտարարել էր «‎ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՈՄՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ»։

Գլխավոր պահանջներից մեկն այն էր, որ թեկնածու կազմակերպությունն ունենա նմանատիպ նախագծի իրագործման փորձ առնվազն երեք քաղաքում։ Այդ պահին Հայաստանում պարզապես չկային նման օպերատորներ, և Telcell-ը, միջազգային փորձառու ենթակապալառու ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ, դարձավ մրցույթի հաղթող։

Արդյունքում՝ 2023 թվականի հունվարին մենք պայմանագիր ստորագրեցինք Երևանի քաղաքապետարանի հետ՝ ստանձնելով միասնական տոմսային համակարգի ներդրումն ու տեխնիկական սպասարկումը։

Պայմանագրի պայմանները

Telcell-ի և Երևանի քաղաքապետարանի միջև պայմանագիրը նախատեսված է 5 տարի ժամկետով՝ 2023 թվականի հունվարի 9-ից մինչև 2028 թվականի հունվարի 9-ը։ Պայմանագրի ժամկետի ավարտից հետո մենք պարտավոր ենք անհատույց հանձնել քաղաքապետարանին ներդրված ողջ համակարգը՝ տեղադրված բոլոր սքաներները, անցարգելները, սերվերները և ծրագրային ապահովումը։ Այս ամենը դառնալու է քաղաքի սեփականությունը և համակարգի պատասխանատու մարմինը դառնում է քաղաքապետարանը։

1,5 միլիարդ դրամի ներդրում

Պայմանագրի համաձայն՝ ֆինանսավորումն ամբողջությամբ կատարում է համակարգի օպերատորը, այսինքն՝ Telcell-ը։ Մենք արդեն ներդրել ենք մոտ 1,5 միլիարդ դրամ, որը ծախսվել է սարքավորումների և ենթակառուցվածքների ձեռքբերման ու տեղադրման վրա։

Կարևոր ենք համարում շեշտել, որ մենք իրականացնում ենք այս նախագիծը սեփական միջոցներով և քաղաքային բյուջեից ոչ մի դրամ չենք օգտագործում։ 1․5 միլիարդ դրամը օր օրի շարունակում է աճել։

Ինչի՞ վրա են ծախսվում Telcell-ի ֆինանսական միջոցները

Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում տեղադրել ենք արտասահմանյան գործընկերներից պատվիրված սքաներներ և ժամանակակից անցարգելներ։ Այժմ կայարաններում ժետոնների փոխարեն օգտագործվում են QR ուղետոմսեր, տրանսպորտային և բանկային քարտեր, իսկ կայարաններն ու տրանսպորտային միջոցները հագեցված են նորագույն տեխնոլոգիական լուծումներով։
Երևանի բոլոր ավտոբուսներում և տրոլեյբուսներում տեղադրել ենք վալիդատորներ՝ սքանավորման սարքեր, որոնց միջոցով ուղևորները սքանավորում են QR ուղետոմսերը, տրանսպորտային ու բանկային քարտերը։

Համակարգի ծրագրային ապահովումը մշակել է մեր գործընկեր BPC O-City-ն։ Բոլոր կապալառուներն ու տեխնոլոգիաները խստորեն համաձայնեցվում էին Երևանի քաղաքապետարանի հետ։ Կարևոր է ընդգծել, որ Telcell-ն աշխատում է արդեն փորձառու գործընկերների հետ, ովքեր ունեն փորձ երեք քաղաքներում՝ 200-ից ավելի տրանսպորտային միջոց ունեցող պարկով, որը ամրագրված է մրցույթի պայմաններում և հանդիսանում է գործընթացի կարևոր մաս։ Համակարգը համապատասխանում է Երևանի քաղաքապետարանի բոլոր պահանջներին՝ սկսած նոր սակագների ներդրումից մինչև սոցիալական արտոնությունների սպասարկում։

Համակարգի ներդրման ու սպասարկման ծախսերը հոգում է Telcell-ը, և այդ ծախսերը ներառված չեն ուղետոմսերի նոր սակագներում։ Telcell-ը ուղետոմսերի արժեքից միջնորդավճար չի գանձում, և ողջ գումարը փոխանցվում է քաղաքապետարանին։ Նշենք նաև, որ ընկերությունն հոգում է գործառնական բոլոր ծախսերը՝ բանկային քարտերի վճարումների էքվայրինգի միջնորդավճարներ, սքաներների ցանցի սպասարկում, ծրագրային ապահովում, գումարի տեղափոխում և այլ ծախսեր։

Ինչպե՞ս է ընկերությունը գումարը փոխանցում քաղաքապետարանին

Telcell ընկերությունը պարտավոր է ուղետոմսերի դիմաց վճարած ամբողջ գումարը 7 օրվա ընթացքում ինկասացնել և հավաքագրել էլեկտրոնային և կանխիկ տարբերակով վճարված գումարը, ապա այն փոխանցել քաղաքապետարանի բյուջե։

Անկանխիկ ուղևորություն․ ինչպե՞ս է այն աշխատում ուղևորի համար

Եկեք նայենք նոր տրանսպորտային համակարգին ուղևորի աչքերով։ Ի՞նչ է փոխվել և ի՞նչ նոր հնարավորություններ են ի հայտ եկել։

2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի տրանսպորտում այլևս հնարավոր չէ կանխիկ դրամով վճարել վարորդին՝ կանխիկ չի ընդունվում։ Փոխարենը ուղևորը կարող է ընտրել վճարման մի քանի եղանակներից իր համար ամենահարմարը։ Հավելենք, որ օգոստոսի 1-ից Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ թղթային QR ուղետոմսերը դուրս են եկել շրջանառությունից։

  • Թվային QR ուղետոմս
  • Տրանսպորտային քարտ
  • Բանկային քարտ

Համակարգի նպատակն է նվազեցնել հերթերը և արագացնել մուտքը տրանսպորտ։ Շարունակական ուսումնասիրությունների օգնությամբ մենք բարելավում ենք համակարգը, որպեսզի ուղևորի համար ժամանակի ընթացքում այն դառնա ավելի հարմար և պարզ՝ մեկ սքանավորում, և դու արդեն ճանապարհին ես։



Ներբեռնել Telcell հավելվածը
Download Our Mobile App
Կիսվել