060 272222
Դեկտեմբեր 22, 2021

Սերգեյ Ուսնունց. BON մարքեթը՝ բիզնեսի զարգացման և վաճառքի խթանման գործիք

 

Ցանկացած վայրից և ցանկացած ժամի սմարթֆոնով վճարային գործարքներ կատարելու համար նախատեսված Telcell Wallet-ը շարունակաբար ընդլայնում է հնարավորությունները իր օգտատերերի համար:

 

Էլեկտրոնային դրամապանակից օգտվողները նաև տարբեր ծառայությունների դիմաց վճարումներից, փոխանցումներից, գործարքներից կարող են BON-եր կուտակել և գնումներ կատարել հավելվածի BON մարքեթից:

 

Banks.am-ը «Թել-Սել» ընկերության թվային պրոդուկտների և ծառայությունների զարգացման տնօրեն Սերգեյ Ուսնունցի հետ զրուցել է էլեկտրոնային դրամապանակի միջոցով բոնուսային միավորներ կուտակելու, BON մարքեթի առաջարկներից օգտվելու, ինչպես նաև մարքեթի միջոցով բիզնեսին տրվող հնարավորությունների մասին:

 

- Telcell Wallet հավելվածը BON-եր՝ բոնուսային միավորներ կուտակելու հնարավորություն է տալիս օգտատերերին։ Խնդրում եմ ներկայացնել՝ ինչպե՞ս է գործում մեխանիզմը և, ընդհանուր առմամբ, ի՞նչ է BON մարքեթ հարթակը։

 

- Մեր օգտատերերը Telcell Wallet-ում որոշ գործարքներ կատարելիս ստանում են BON-եր՝ բոնուսային միավորներ։ BON մարքեթը հենց այն հարթակն է, որտեղ կարող են այդ միավորները փոխանակել ներկայացված ապրանքներով ու ծառայություններով:

 

BON մարքեթը Telcell Wallet-ի դասական լոյալության ծրագիրն է, որը ներկայացնում է այսպիսի մեխանիզմ կա օգտատեր, ով տարբեր գործարքներ է կատարում, դրա դիմաց ստանում միավորներ, այնուհետ մտնում է BON մարքեթ և կուտակած միավորները փոխանակում իր նախընտրած ապրանքով։

 

- Ի՞նչ ապրանքներ և ծառայություններ կարելի է գտնել BON մարքեթում։

 

- Ցանկացած ապրանք կամ ծառայություն կարող է լինել BON մարքեթում, ցանկը շատ բազմազան է՝ գաջեթներ, տեխնիկա, կոսմետիկա, օծանելիք, խաղալիք, վառելանյութ, սնունդ և տարբեր նվերներ:

 

Դասական ապրանքներից զատ, ունեցել ենք նաև այսպիսի առաջարկներ միավորները հնարավոր է եղել փոխանակել որևէ հայտնի լուսանկարչի ֆոտոշարքով կամ հայտնի TikToker-ի հետ հանդիպմամբ: Այսինքն՝ BON մարքեթում կարող է առաջարկվել ծառայություն կամ ապրանք, որն այլ տեղ գտնել հնարավոր չէ:

 

Ապրանքների ու ծառայությունների առումով BON մարքեթի հնարավորություններն արտացոլում են մեր և մեր գործընկերների ստեղծագործական միտքը:

 

Հաճախ նաև սոցցանցերում մեր օգտատերերի շրջանում ենք հարցումներ անում՝ ինչ կցանկանան գտնել BON մարքեթում: Ու նրանք ևս շատ հետաքրքիր գաղափարներ են մեզ տալիս, որոնք, բնականաբար, իրագործում ենք: Նաև հետադարձ կապ ենք պահում այն օգտատերերի հետ, ովքեր արդեն փոխանակել են իրենց միավորները, հետաքրքրվում ենք՝ ինչ կցանկանան տեսնել BON մարքեթում:

Ամեն շաբաթ ապրանքների ցանկը թարմացվում է, մեր գործընկերների հետ ևս քննարկում ենք՝ որ ապրանքատեսակը ներկայացնել, որ ապրանքատեսակն է ավելի լավ սպառվում:

 

- BON մարքեթը քանի՞ ակտիվ օգտատեր ունի, և ինչպե՞ս է աշխատում BON-երի փոխանակում-ապրանքի ստացում պրոցեսը։

 

- Այս պահին մեր ավելի քան 400 000 օգտատերերից մոտ 150 000-ն օգտվում է BON մարքեթից:

 

Միավորները շատ պայմանական են, օրինակ՝ ապրանքը կարող է իրականում արժենալ 100 000 դրամ և BON մարքեթում ներկայացվել նույնքան BON-ով, բայց հնարավոր է, օրինակ, 100 000 դրամանոց ապրանքը BON մարքեթում փոխանակել 10 000 BON-ով: Սրա մեջ նաև զվարճանքի կոմպոնենտ կա, մարդկանց հետաքրքիր է միշտ մտնել տեսնել՝ ապրանքները որքան միավոր արժեն, համեմատել, մտածել՝ այդ 10 0000 BON-ով ինչն է ավելի լավ փոխանակել՝ 8 բաժակ սու՞րճ ընկերների հետ, թե օրինակ՝ 10 լիտր բենզին։

 

- Որպես բիզնեսի զարգացման գործիք՝ Telcell-ն իր BON մարքեթ պրոդուկտով ի՞նչ հնարավորություն է տալիս բիզնեսին։ Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են իրենց ապրանքներն ու ծառայությունները ներկայացնել այդ հարթակում։

 

- BON մարքեթի հիմքում ընկած է նաև բիզնեսի զարգացման գաղափարը: Այն յուրահատուկ գործիք է, որը բիզնեսին թույլ է տալիս ձեռք բերել հաճախորդներ և ավելացնել վաճառքը: Երբ որևէ ապրանք կամ ծառայություն հայտնվում է BON մարքեթում, նշանակում է՝ մենք ոչ միայն նպաստում ենք այդ ապրանքի իրացմանը, այլև նոր հաճախորդների գրավմանը:

 

Եթե, օրինակ, BON մարքեթում ներկայացվում է որևէ ընկերության 200 պիցցա, մեր գործիքակազմով մենք կարողանում ենք երաշխավորված 200 տարբեր հաճախորդ ուղղորդել իրենց սրճարան: Բացի այն, որ բիզնեսը գումար է վաստակում, նաև ստանում է հաճախորդ: Պայմանական ասած՝ լավություն անելով մեր հաճախորդին և թույլ տալով միավորների դիմաց վերցնել իր նախընտրած ապրանքը, միաժամանակ՝ բիզնեսին թույլ ենք տալիս ծանոթանալ ու գրավել մեր հաճախորդին, ով գուցե երբևէ չի օգտվել իրենց ապրանքից կամ ծառայությունից:

 

-Ի՞նչ պետք է անի բիզնեսը՝ BON մարքեթում հայտնվելու համար։

 

- Բոլոր այն ընկերությունները, որոնք համագործակցում են Telcell Wallet-ի հետ, հնարավորություն են ստանում իրենց ապրանքները տեղադրել BON մարքեթում: Մեր գործընկերների համար հարթակին միանալու մեխանիզմը շատ պարզ է: Գործընկերներն ունեն պայմանագիր, սպասարկող մենեջեր, ում հետ մշտական կապը թույլ է տալիս ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպել այդ ամենը:

 

Իսկ այն բիզնեսները, որոնք Telcell-ի հետ այս պահին որևէ հարաբերություն չունեն, գործընկեր չեն, BON մարքեթին միանալու համար առաջին հերթին պետք է դառնան գործընկեր, ինչը ևս շատ հեշտ է: Դրա համար ստեղծել ենք Telcell Business հավելվածը, որը App Store-ից կամ Play Market-ից ներբեռնելով՝ բիզնեսի սեփականատերը կամ մենեջերը կարող է բիզնեսն ինտեգրել Telcell համակարգին և հինգ րոպե անց արդեն վճարումներ ընդունել Telcell Wallet-ի ցանկացած օգտատիրոջից:

 

Այս քայլից հետո կարելի է կապ հաստատել մեզ հետ, և համապատասխան մասնագետները կկազմակերպեն BON մարքեթում ներկայացվելու գործընթացը: Դրա համար անգամ գրասենյակ այցելելու անհրաժեշտություն չկա:

 

BON մարքեթում հայտնվելուց հետո մեր գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության երկրորդ աստիճանն է սկսվում, այս փուլում մեր հաճախորդներին խրախուսում ենք գնել գործընկերների ապրանքներն ու ծառայությունները:

 

- Ի՞նչ հաջողված օրինակ կբերեք ընթացիկ համագործակցություններից։

 

- Համագործակցության հաջողված օրինակները շատ են՝ թե՛ ծառայություններ մատուցող, թե՛ ապրանքների վաճառքով զբաղվող բիզնեսի մասով: Կնշեի, օրինակ, Coffee House Company ցանցի հետ համագործակցությունը: Այն շատերին հետաքրքրեց: Մարդիկ զբոսնելիս պարզապես մոտենում և փոխանակում էին իրենց BON-երը Coffee House-ի սուրճով:

 

Հաջողված այլ օրինակ մենք մասնակից էինք մի միջոցառման, որի տոմսերը տեղադրեցինք նաև BON մարքեթում և ընդամենը մի քանի օրում ունեցանք 5000-ից ավելի փոխանակում։ Դա մեզ նաև թույլ տվեց կապ հաստատել տվյալ օգտատերերի հետ ու հաստատել նրանց մասնակցությունը, ինչը յուրաքանչյուր միջոցառման կազմակերպչի համար գերարդյունավետ խթանիչ գործիք է։

 

- Խնդրում եմ ներկայացրեք նաև մարքեթի զարգացման ընթացքն ու հեռանկարը։

 

- Երբ BON մարքեթը թողարկեցինք, դժգոհություններ նույնպես եղան: Այն ֆունկցիոնալ առումով չէր համապատասխանում մեր օգտատերերի սպասելիքներին: Պատահում էր նաև, որ ապրանքների քանակը չէր համապատասխանում օգտատերերի պահանջարկին: Երբեմն տեղադրում էինք որևէ ապրանք, և այն վայրկյանների ընթացքում սպառվում էր, ինչն էլ բերում էր դժգոհության:

 

Բնականաբար, այդ ամենը հաշվի առնելով, ֆունկցիաներն ավելի բազմազան ու հարմարավետ դարձրինք: Հիմա օգտատերերը կարողանում են օնլայն ռեժիմով անընդհատ հետևել կուտակած BON-երի ընթացքին, ինչպես նաև տեսնել՝ ով որքան BON ունի, ով է ամենաշատ միավորներ կուտակել և այլն: Այս գործառույթը ապահովում է առավելագույն թափանցիկություն:

 

Օգտատերերի խնդրանքին ընդառաջելով՝ նաև BON-երը միմյանց նվիրելու հնարավորություն ստեղծեցինք: Հիմա հաճախ ինչ-որ ապրանքի համար մարդիկ միավորվում են և միասին են BON-երը հավաքում, փոխանակում: Ավելացրինք նաև այն գործիքը, որ մարդիկ կարողանան BON կուտակել՝ իրենց ընկերներին Telcell Wallet հրավիրելով: Սրա միջոցով կարողանում են հրավիրած ընկերոջ գործարքներից ևս BON-եր ստանալ: Այս պահին մեջ օգտատերերից 150 000-ն ակտիվ մասնակցում են այս պրոցեսներին:

 

Հավելվածի ֆունկցիաներն ավելացնելն ու բարելավելը շարունակական գործընթաց է՝ օգտվողի համար այն միշտ մեկ քայլ ավելի հարմար դարձնելու նպատակով:

 

- Եվ վերջում՝ Ամանորին ընդառաջ ի՞նչ նորություններով կներկայանա BON մարքեթը:

 

- Ինչպես նշեցի, մենք անընդհատ հարցումներ ենք անում, թե օգտատերերը ինչ են ուզում տեսնել մարքեթում: Հիմա գերակշռում է նվերների ցանկությունը: Բնականաբար՝ մեծացնելու ենք նվերների տեսականին, որպեսզի մարդիկ կարողանան դրանք փոխանակել BON-երով:

Բացի այդ, դեկտեմբերի 22-26-ը շատ մեծ տաղավարով մասնակցելու ենք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպվող ամենախոշոր տոնավաճառին՝ Big Christmas Market-ին: Մեր BON Christmas Market by Telcell տաղավարը թույլ է տալու ցանկացած այլ տաղավարից գնում կատարելիս կուտակել BON-եր և անմիջապես մոտենալ մեր տաղավարին ու դրանք փոխանակել նախընտրելի ապրանքով:

 

Տոնավաճառում գործելու է ավելի քան 200 վաճառակետ, և բոլորում կատարած գնումներից կուտակած BON-երի քանակը եռապատկվելու է:

Նաև՝ կազմակերպելու ենք ինտերակտիվ խաղ, որի բոլոր մասնակիցները մեր տաղավարից դատարկաձեռն չեն հեռանա:

 

Արփի Ջիլավյան

 

 

Բոլոր նորությունները