060 272222
Օգոստոս 05, 2020

Telcell. արդեն 13 տարի շուկայի առաջատար

 

13 տարին մեծ թիվ չէ, սակայն այս տարիների ընթացքում Telcell-ն ահռելի ձեռքբերումներ է արձանագրել՝ մնալով էլեկտրոնային վճարումների շուկայի առաջատար: Telcell-ի գլխավոր տնօրեն Արամ Ազատյանի կարծիքով ընկերության ձեռքբերումների գրավականը հայրենակիցների վստահությունն է:

 

«Մեր 250 հոգանոց թիմի հսկայածավալ աշխատանքի արդյունքում է, որ մեր բազմակողմանի համակարգը անխափան ծառայություններ է մատուցում շուկայի բացառապես բոլոր հատվածներում: Մենք ստանձնել ենք վճարումների ազգային օպերատորի պատասխանատու առաքելությունը և շարունակելու ենք զարգացնել շուկան ու մեր հայրենակիցներին հասանելի դարձնել վճարային ժամանակակից տեխնոլոգիաներն ու գործիքները»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր օգտատերերին ու գործընկերներին Telcell թիմին վստահելու համար:

 

Նա ընդգծեց՝ այսօր արդեն կան 150 000-ից ավելի մշտական օգտատերեր, ովքեր օգտվում են Telcell Wallet-ից: «Հաճախորդների մեծ բանակն օրեցօր ավելանում է, ավելանում է նաև մեր ծառայությունների շրջանակը, որ մատուցում ենք Telcell Wallet-ով»,- ասաց Ազատյանը՝ նշելով, թե այն ժամանակակից մարդու գործիք է, որ լրացնում է նրա կարիքների ամբողջ շրջանակը:

 

Նրա խոսքով՝ ընկերությունն իր աշխատանքն սկսել է 60-70 վճարային տերմինալից, որոնց թիվն այժմ Հայաստանում ու Արցախում հասնում է ավելի քան 3500-ի՝ ամենափոքր գյուղից մինչև քաղաքներ: Դրանցով շուրջ 1 500 000 մարդ ամսական կատարում է ավելի քան 7 միլիոն վճարում: Հաջողությամբ գործառնում է ընկերության մասնաճյուղային ցանցը, դրամական արագ փոխանցումների Telcell Transfer համակարգը:

 

Ընկերության մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Արթուր Խաչատուրյանն էլ ընդգծեց այն առավելությունը, որ Telcell Wallet-ը հեշտացնում է բիզնեսների կյանքը՝ հատկապես մանրածախ բիզնեսի առումով. դրանց ներկայացուցիչները մարդկանց բերում են անկանխիկ վճարումների դաշտ: «Մեր համակարգն այնքան ճկուն է, որ ինտեգրված է գրեթե բոլոր համակարգերին, որոնք սպասարկում են մանրածախ բիզնեսը»,- ասաց Խաչատուրյանը՝ նշելով, թե մանրածախ բիզնեսի ներկայացուցչին այլևս անհրաժեշտ չի լինում համագործակցել և՛ բանկի, և՛ մեկ այլ կազմակերպության հետ, պարզապես կատարվում է տեխնիկական միացում, որից հետո վճարումները կատարվում են:

 

Նրա դիտարկմամբ՝ վճարումների ընդունման շուկայում Telcell-ի առավելությունն առաջին հերթին տարիների փորձն է: «Մենք առաջիններից ենք եղել, որ էլեկտրոնայնացրել ենք վճարումները: Սկսել ենք վճարային տերմինալներից, և դա մեծ փորձ էր, քանի որ արդեն հասկանում ենք ու լավ ենք պատկերացնում ընդհանրապես վճարումների ընդունման համակարգը»,- հավելեց Խաչատուրյանը:

 

Ընկերության ՏՏ տնօրեն Իրինա Գասպարյանն էլ ընդգծեց՝ փորձում են ստեղծել այնպիսի ծառայություններ, որոնք նմանօրինակը չունենան շուկայում, ավելի հարմարավետ են, գերարագ:

 

«Եթե խոսենք կոնկրետ օրինակներից՝ կարող եմ որպես լուծում նշել մեր վերջին ծառայությունը էլեկտրոնային առևտրի շուկայում, որն այս պահին կոչված է ապահովել տարատեսակ օնլայն վճարումները տարբեր տեսակի կայքերում: Մեր կարծիքով՝ դա յուրօրինակ լուծում է, որը բոլոր տեսակի օնլայն հարթակներին թույլ է տալիս գերարագ և հեշտ ինտեգրվել մեր համակարգին»,-ասաց նա, ապա հավելեց, որ դրա միջոցով օնլայն խանութը կամ կայքը կկարողանա վճարումներ ընդունել ոչ միայն Telcell Wallet-ի և բանկային քարտերի միջոցով, այլև Telcell 3500 վճարային տերմինալների միջոցով:

 

«Դա լուծում է՝ երեքը մեկում, որը թույլ է տալու հեշտ ինտեգրվելու միջոցով կայքում ստանալ միանգամից երեք տեսակի վճարումներ»,-հավելեց նա:

 

Վերջինս նշեց նաև, որ ծրագրերի իրականացման ընթացքում հիմնական դժվարությունը հասարակության լայն շերտերին օնլայն վճարման հարթակ բերելն է ու ներկայացնելը, որ այդկերպ վճարումն ավելի հեշտ է, արագ, հարմար ու անվտանգ:

 

«Բայց, կարծում եմ, մեզ հաջողվեց դա անել, քանի որ, եթե խոսենք փոփոխություններից, մեր քայլերից ու այն արագությունից, որով մենք շուկան գրավել ենք, ապա մենք գերարագ քայլերով առաջ ենք գնում, և կարծում եմ՝ մոտ ապագայում մարդկային ավելի մեծ զանգվածներ կգրավենք»,- ասաց Գասպարյանը:

 

Բանախոսները ներկայացրին նաև էլեկտրոնային դրամապանակի առավելությունները՝ նշելով, որ դրա շուրջ 150 000 օգտատերերը հնարավորություն ունեն վճարումներ կատարել ավելի քան 400 ծառայությունների դիմաց, առցանց ակնթարթային փոխանցումներ կատարել քարտից քարտ, ինչպես նաև բանկային ցանկացած հաշվեհամարի, ժամանակի իրական ռեժիմում ստանալ դրամական փոխանցումներ: Իսկ Telcell Wallet-ի Scan and Pay գործիքը հնարավորություն է տալիս սրճարաններում և խանութ-սրահներում անհպում ու անվտանգ վճարումներ կատարել՝առանց թղթադրամ օգտագործելու:

 

Նշենք նաև, որ Telcell-ն ընդգրկված է ՀՀ խոշոր հարկատուների ցանկում. ընկերության տարեկան շրջանառությունը գերազանցում է 350 մլրդ դրամը՝ Հայաստանի պետական բյուջեի 1/5 մասից ավելին:

Բոլոր նորությունները